Print

Մեր մասին

Պատմական համառոտ ակնարկ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) ստեղծվել է 2001 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված և 2002 թվականի հունվարի 9-ից ուժի մեջ մտած «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա:
2002 թվականի հունվարին ՀՀ Նախագահ Ռ. Քոչարյանի համապատասխան հրամանագրերով նշանակումներ կատարվեցին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի, նախագահի տեղակալի և Խորհրդի 5 անդամների պաշտոններում:
2002 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը ձևավորեց իր աշխատակազմի հիմնական կորիզը և ՀՀ Նախագահի` սահմանած ժամանակացույցին համապատասխան, մշակեց և ընդունեց «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործարկումն ապահովող հիմնական ենթաօրենսդրական ակտերը:
2002 թվականի առաջին ութ ամսվա ընթացքում հստակեցվեց և հաստատվեց քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը: 2002 թվականի նոյեմբերի 1-ից անվանացանկում ընդգրկված պաշտոններն զբաղեցնողներն օրենքի ուժով համարվեցին քաղաքացիական ծառայողներ:
2002 թվականի հոկտեմբերին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթներ: Առաջինը համալրվեց Խորհրդի աշխատակազմը: Նոյեմբերին մրցույթներով համալրվեցին քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված մարմինների աշխատակազմերի ղեկավարների պաշտոնները, որով ավարտվեց համակարգի ղեկավարման ու կազմակերպման մարմինների ձևավորումը:
2003 թվականից քաղաքացիական ծառայության պաշտոնների 4 խմբերի համար մշակված ծրագրերի հիման վրա` հանրապետության 14 բուհերի ներգրավմամբ մեկնարկեց քաղաքացիական ծառայողների վերապատրաստման առաջին եռամյա շրջափուլը, որով դրվեց պետական ծառայողների պարտադիր վերապատրաստման, ուսուցման հիմքը: Վերապատրաստմանը հաջորդեց քաղաքացիական ծառայողների առաջին ատեստավորումը` հավաստելու համար զբաղեցրած պաշտոններին նրանց համապատասխանությունը:
2003 թվականից սկսեցին գործել նաև քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ և երկարաժամկետ ռեզերվները, ժամանակավոր թափուր պաշտոնների զբաղեցման գործընթացը դարձավ հնարավորինս անկողմնակալ ու թափանցիկ:

Խորհրդի կառուցվածքը

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը կազմված է յոթ անդամից` նախագահ, նախագահի տեղակալ և հինգ անդամ: Խորհրդի ընթացիկ գործունեությունը ղեկավարում և համակարգում է Խորհրդի նախագահը: Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամները պաշտոնի են նշանակվում և ազատվում ՀՀ Նախագահի կողմից` ՀՀ վարչապետի ներկայացմամբ: Խորհրդի անդամները, բացառությամբ քաղաքացիական ծառայության խորհրդի առաջին կազմի, նշանակվում են վեց տարի ժամկետով:
Գործառույթները Խորհուրդն իրականացնում է իր աշխատակազմի միջոցով, որում ներառված են կառուցվածքային ստորաբաժանումները և Խորհրդի նախագահի գրասենյակը:

Խորհրդի գործունեության հիմնական նպատակները

Խորհուրդը ստեղծվել է պետական կառավարման համակարգի բարեփոխումների և հակակոռուպցիոն քաղաքականության արդյունքում` արդյունավետ, միասնական կադրային քաղաքականություն իրականացնելու, պետական ապարատը քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ արհեստավարժ, բարոյական բարձր հատկանիշներով օժտված կադրերով համալրելու, քաղաքացիական ծառայողների իրավական պաշտպանվածությունն իրականացնելու և օրինական շահերը պաշտպանելու նպատակով:

Խորհրդի հիմնական գործառույթները

Խորհուրդն իրականացնում է քաղաքացիական ծառայության ոլորտում կադրային գործի վարման մեթոդական ղեկավարումը և վերահսկողությունը, վարում է քաղաքացիական ծառայության և քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկերը, քաղաքացիական ծառայողների գրանցամատյանը և քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող քաղաքացիների ցանկը: Մշակում և իրականացնում է քաղաքականությունը քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթային, քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագրման, քաղաքացիական ծառայողների պարտադիր վերապատրաստման և ատեստավորման ոլորտներում: Վարում է կադրերի երկարաժամկետ և կարճաժամկետ ռեզերվները, համակարգում է ժամանակավոր թափուր պաշտոնների զբաղեցման, այդ նպատակով ժամկետային աշխատանքային պայմանագրեր կնքելու գործընթացները, սահմանում է քաղաքացիական ծառայողների էթիկայի կանոնները և էթիկայի հանձնաժողովների ձևավորման, գործունեության կարգը, գործառույթները: Խորհրդի իրավասության շրջանակներում է քաղաքացիական ծառայողներին կարգապահական տույժերի ենթարկելու հետ կապված ծառայողական քննությունների անցկացումը, քաղաքացիական ծառայողներին զբաղեցրած պաշտոնից ազատելուն կամ դրան հանգեցնող տույժ կիրառելուն համաձայնություն տալը: Խորհրդի գործառույթներից է նաև 65 տարին լրանալու դեպքում քաղաքացիական ծառայողի` մինչև մեկ տարի ժամկետով պաշտոնավարումը շարունակելուն սահմանված կարգով համաձայնություն տալը:

Խորհրդի փոխհարաբերությունների շրջանակը

Խորհուրդն իր լիազորություններն իրականացնելիս համագործակցում է պետական մարմինների հետ: Ոլորտում հանրային վերահսկողության իրականացման, թափանցիկության և հաշվետվողականության ապահովման նպատակով գործակցում է տեղական մի քանի հասարակական կազմակերպությունների հետ: Խորհրդի գործընկեր հասարակական կազմակերպություններից են Հայ պետական ծառայողների միությունը, Քաղաքացիական ծառայողների ասոցիացիան, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և այլն: Քաղաքացիական ծառայության ոլորտում մեթոդական աջակցության, քաղաքացիական ծառայողների մրցութների և ատեստավորումների հանձնաժողովների ձևավորման և գործունեության, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների վերապատրաստման շրջանակներում Խորհուրդը համագործակցում է հանրապետության մի շարք գիտական և ուսումնական հաստատությունների հետ:
Գործունեության արդյունավետության բարձրացման, միջազգային փորձի ուսումնասիրման, մեթոդական, տեխնիկական օժանդակության շրջանակներում Խորհուրդը համագործակցության ծրագրեր է իրականացրել մի քանի երկրների (Բուլղարիա, Չինաստան, Եգիպտոս, Իտալիա, Կանադա, Իռլանդիա, Լիտվիա, Լիբանան, Կիպրոս, Ուկրաինա, Լեհաստան) համանման կառույցների և մի շարք միջազգային կազմակերպությունների (Համաշխարհային բանկ, ԵՄ ՍԻԳՄԱ, ԵԽ, DFID, USAID TIRI, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալություն և այլն) հետ:

Տարիների ընթացքում ձեռք բերված հիմնական արդյունքները

  • Ներդրվել են թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթների, վերապատրաստումների, ատեստավորումների, քաղծառայության պաշտոնների անձնագրերի բովանդակության հետ կապված այնպիսի կառուցակարգեր, որոնցից շատերը նորարարություններ էին և նախադեպային նշանակություն ունեցան այլ ոլորտների համար:
  • Տասնյակից ավելի օրենսդրական փոփոխությունների շնորհիվ, քաղաքացիական ծառայության հետ առնչվող գործընթացներում հնարավորինս նվազեցվել են կոռուպցիոն ռիսկերն ու մարդկային սուբյեկտիվ գործոնի ազդեցությունը:
  • Կատարելագործվել են քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերը` դրանցում գործառույթների, բարձրագույն մասնագիտական կրթության, ինչպես նաև պարտադիր իմացության համար անհրաժեշտ իրավական ակտերի կոնկրետացման կտրվածքով:
  • Միասնականացվել են համակարգում ընդգրկված մարմիններում մարդկային ռեսուրսների կառավարման, հասարակայնության հետ կապերի ֆունկցիոնալ ստորաբաժանումների կառուցվածքային ու գործառութային նկարագրերը:
  • Վերապատրաստման գործընթացը դրվել է մասնագիտացման և մարմինների ու քաղծառայողների գործառույթներից բխող կարիքների հենքի վրա: Վերապատրաստման գործընթացում ներգրավվել են նաև պետական մարմիններին կից գործող գիտահետազոտական, ուսումնական կենտրոններ, ինստիտուտներ: Մի քանի երկրների հետ ստորագրված հուշագրերի հիման վրա արտերկրում իրականացվել են քաղծառայողների վերապատրաստման ծրագրեր:
  • Քաղաքացիական ծառայության համակարգը և Խորհրդի գործունեությունը ենթարկվել է արտաքին մշտադիտարկման: 2006-2007թթ. մի քանի հասարակական կազմակերպություններից կազմված մոնիթորինգային ցանցը լուրջ հետազոտության, վերլուծության ենթարկեց մրցութային և ատեստավորման գործընթացները և դրանց արդյունքների հիման վրա ներկայացրեց կոնկրետ առաջարկություններ, որոնք հաշվի առնվեցին հետագայում օրենսդրական փոփոխությունների ժամանակ: 2009 թվականի նոյեմբերին Եվրամիության և Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության (OECD) SIGMA ծրագրի հետ համագործակցության շնորհիվ SIGMA-ի փորձագետների խումբն ուսումնասիրեց Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգը, ԵՄ չափորոշիչներին կառույցի համապատասխանության մակարդակը: Արդյունքները հրապարակվեցին 2010 թվականին և ներկայացվեցին արժեքավոր առաջարկություններ, որոնք ընկան քաղաքացիական ծառայության զարգացման հայեցակարգի մշակման հիմքում:
  • 2010 թվականին մշակվեց քաղաքացիական ծառայության մրցութային, ատեստավորման և վերապատրաստման ոլորտներում զարգացման ռազմավարությունը, որն ամրագրում է համակարգում գիտելիքների, կարողությունների և արժեքների գնահատման հիման վրա համալրման իրականացումը:
  • 2010 թվականին օրենսդրական փոփոխություններով ներդրվեց քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթների հարցազրույցների գնահատման բալային համակարգը, սահմանափակվեց մրցույթում հաղթողների շրջանակը: Կրտսեր թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթները փոխարինվեցին հավաստագրման թեստավորումներով:
  • Խորհրդի մշակած նախագծի հիման վրա` 2011 թվականին ընդունվեց «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որով հակակոռուպցիոն բնույթի նոր ինստիտուտներ ներդրվեցին ոչ միայն քաղաքացիական, այլև առհասարակ պետական և համայնքային ծառայություններում: Սահմանվեցին քաղաքական, հայեցողական և հանրային ծառայողների վարքագծի և շահերի բախման կանոնակարգման միասնական սկզբունքներ:
  • Խորհրդի ղեկավարման և կազմակերպչական կարողությունները զգալիորեն մեծացան Համաշխարհային բանկի «Պետական հատվածի արդիականացում» ծրագրի քաղաքացիական ծառայության բաղադրիչի շրջանակներում մշակված և ներդրված էլեկտրոնային «Մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգ»-ի շնորհիվ` հնարավոր դարձնելով մարդկային ռեսուրսների կենտրոնացված և համալիր կառավարումն առավելագույն օպերատիվությամբ:
  • 2010 թվականից միջազգային կազմակերպությունների և հատկապես ԵՄ անդամ պետությունների համանման կառույցների հետ համագործակցության խորացումն ու ընդլայնումը դրվեց նոր մակարդակի վրա: Հայաստանը միացավ պետական ծառայության միջազգային ոչ ֆորմալ ցանցին: Իսկ 2011 թվականին Երևանում կայացավ «Մասնագիտությունը հեռանկարում» միջազգային ամենամյա հերթական համաժողովը` թվով 14 երկրների պատվիրակների մասնակցությամբ: Համաժողովի հիմնական նպատակն էր քննարկել քաղաքացիական ծառայության համակարգում իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը: