Print

Ավարտվեց 2018 թվականի 1-ին կիսամյակի քաղծառայողների վերապատրաստման գործընթացը

2018 թվականի մայիսի 14-ից հունիսի 19-ն ընթանում էր քաղաքացիական ծառայողների՝ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող վերապատրաստումների գործընթացը, որի շրջանակում նախատեսված էր 1781 (հազար յոթ հարյուր ութսունմեկ) քաղացիական ծառայողի վերապատրաստում։ 
Վերապատրաստումներն անցկացվել են ութ ծրագրով, որոնցից յոթն իրականացրել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան («ՀՀ սահմանադրական բարեփոխումները և քաղաքացիական ծառայությունն օրենսդրական փոփոխությունների համատեքստում», «Մարդկային ռեսուրսների կառավարում», «Բարեվարքության ամրապնդում և հակակոռուպցիոն հմտություններ», «Կառավարման հոգեբանությունը պետական ծառայությունում», «Աշխատանքային իրավունքը հանրային ոլորտում», «Ծրագրերի կառավարման հմտություններ», «Ներդրումային քաղաքականություն» թեմաներով), մեկը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը («Բիզնես (գործարար) գործընթացների վերլուծության և մշակման հմտություններ» թեմայով)։

Արդյունքում վերոնշյալ ծրագրերով վերապատրաստվել է 1765 քաղծառայող, որից 1666ը՝ ՀՀ ՊԿԱ-ում, 99-ը՝ ՀՀ ՀՊՏՀ-ում:
Քաղծառայողների վերապատրաստման գործընթացն այս տարի տարբերվում էր իր ձևաչափով և բովանդակությամբ՝ պայմանավորված քաղաքացիական ծառայության համակարգում ընթացող համապարփակ բարեփոխումների տրամաբանությամբ:
Սույն տարվա սկզբին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը կազմակերպել և համապատասխան մարմինների հետ համատեղ իրականացրել է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարիքների ընդհանրական գնահատում, որի հիման վրա էլ հաստատվել են վերապատրաստման վերոհիշյալ ծրագրերը. նախկինում կիրառվող երկշաբաթյա (72-ժամյա) վերապատրաստումների փոխարեն կազմակերպվել են մեկից հինգ օր տևողությամբ (8-36 ժամ) վերապատրաստումներ:
Կիրառված նորամուծությունները նպատակ ունեն հնարավորինս արդյունավետ օգտագործել հատկացված ռեսուրսները և գործընթացը դարձնել առավել որակյալ ու թիրախային:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի զարգացման ծրագրերի և մասնագիտական կատարելագործման վարչության կողմից վերապատրաստման ողջ ընթացքում իրականացվել են մշտադիտարկման աշխատանքներ և ապահովվել է քաղծառայողների հետ հետադարձ կապը: Այս համատեքստում վերապատրաստված քաղծառայողների շրջանում իրականացվել են հարցումներ, որոնց մասնակցել է վերապատրաստված քաղծառայողների շուրջ 80%-ը։
Իրականացված մշտադիտարկման և հարցումների նպատակն էր պարզել վերապատրաստման գործընթացի կիրառված նոր ձևաչափի արդյունավետությունը, բովանդակային և տեխնիկական հագեցվածությունը, հատկացված ժամաքանակների նպատակահարմարությունը, թեմաների արդիականությունն ու անհրաժեշտությունը, վերապատրաստող մասնագետների կոմպետենտության մակարդակը և մի շարք այլ գործոններ՝ հիմնվելով ուսումնասիրությունների և քաղծառայողների հետադարձ կապի վրա:
Առաջիկայում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը ամփոփելու է մշտադիտարկման ու հարցումների արդյունքները և ներկայացնելու է դրանց վերաբերյալ ամփոփ հաշվետվություն։

Հ․Գ․ Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվար և մարտ ամիսներին ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցների հաշվին վերապատրաստվել է 92 քաղծառայող, որոնցից 48-ը՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից անցկացված «Տեղեկատվության ազատությունը և հասարակայնության հետ կապերի ապահովումը կառավարման համակարգում» թեմայով, իսկ 44-ը՝ Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի և ՀՀ ՔԾԽ-ի համատեղ կազմակերպած «ՄՌԿ կարողությունների զարգացում․ ֆիննական փորձ» թեմայով վերապատրաստումների շրջանակներում։