Print

SIGMA-ն շարունակում է քաղաքացիական ծառայության բարեփոխումների շուրջ խորհրդատվական աշխատանքները

 

Եվրոպական Միության ու ՏՀԶԿ (OECD) համատեղ նախաձեռնությունը հանդիսացող SIGMA ծրագրի փորձագիտական խումբը հոկտեմբերի 17-18-ին աշխատանքային այցով գտնվում էր Հայաստանում: Առաքելության նպատակն էր քննարկել Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումների ընթացքը, մասնավորապես այդ համատեքստում մշակվող «Քաղաքացիական ծառայության մասին» նոր օրենքի նախագծի համապատասխանությունը Հանրային կառավարման եվրոպական սկզբունքներին:
Հոկտեմբերի 18-ին SIGMA փորձագետները և Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու պաշտոնյա Պաուլիուս Ստրելչունասը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում հանդիպեցին ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծված «Հանրային ծառայության համակարգի բարեփոխումների ապահովման» աշխատանքային խմբի անդամների հետ:
Հանդիպման ընթացքում Խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը շնորհակալություն հայտնեց SIGMA ծրագրի փորձագետներին իրենց կատարած աշխատանքի և բարեփոխումների արդյունավետ և առանց ցնցումների իրականացմանն իրենց նվիրվածության համար և հույս հայտնեց, որ միասնական ջանքերով հնարավոր կլինի գտնել առավել բարդ և վիճահարույց խնդիրների լավագույն լուծումը:
SIGMA-ի փորձագետներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար և նշեցին, որ խորհրդատվությամբ և դիտարկումներով կփորձեն նպաստել Հայաստանում քաղաքացիական ծառայության համակարգի հետագա բարելավմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին քաղաքացիական ծառայությանն առնչվող մի շարք հարցեր, և պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հետագա աշխատանքի ուղղությունների և հանդիպումների վերաբերյալ:

 

sigma