Print

ՀՀ ՔԾԽ նախագահը հանդիպեց կրտսեր պաշտոնների զբաղեցման հավաստագիր ստացող երիտասարդներին


2Մայիսի 4-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն արդեն ավանդական դարձած հանդիպումն ունեցավ քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստացող երիտասարդների հետ: Այս անգամ նրա հյուրերը կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու թեստավորման այս տարվա երկրորդ փուլում հաղթող ճանաչվածներն էին:
Նրանց շնորհավորելով այդ կապակցությամբ՝ պարոն Բադալյանը նշեց, որ արձանագրած հաջողությամբ երիտասարդները հաստատում են, որ գիտելիքը սեփական ճանապարհը հարթելու, ինքնահաստատվելու ամենաուժեղ գործիքն է, ինչը դառնալու է նաև Հայաստանում պետական կառավարման համակարգի դիմագծի փոփոխության և արդյունավետության բարձրացման գրավականը: «Քաղաքացիական ծառայությունն առաջին հերթին նվիրում և առաքելություն է, այլ ոչ թե զուտ սոցիալական խնդիր լուծելու միջոց: Սոցիալական խնդիրների լուծումն էլ կախված է նրանից, թե ինչ որակի պետական ծառայողներ կունենանք: Մենք հավատում ենք, որ պրոֆեսիոնալ, բանիմաց, ինտելեկտուալ և նորարական մտածողությամբ օժտված նոր մարդկանց հանրույթն է մեր պետական և մասնավորապես քաղաքացիական ծառայության ապագան: Պետական ծառայության համակարգը դեռևս շատ կարծր է, դեռ տիրապետող են նախկինից եկող որոշակի կարծրատիպեր, որոնք կկարողանա ջարդել նոր սերունդը»,- ասաց Խորհրդի նախագահը՝ հավելելով, որ իր աշխատանքային գործունեության ամենահաճելի պահերից մեկը թեստավորումը հաղթահարող երիտասարդներին հանդիպելն է և նրանց հավաստագրեր հանձնելը:
Հանդիպման ընթացքում Խորհրդի նախագահը հետաքրքրվեց երիտասարդների նախասիրություններով, ստացած կրթությամբ, ապա անկեղծ և անմիջական զրույց տեղի ունեցավ հավաստագիր ստանալու թեստավորման գործընթացի և վերջինս ավելի բարելավելու կառուցակարգերի շուրջ: Նշելով, որ դպրոցական հանրակրթական ծրագրերը յուրացրած լինելու դեպքում թեստային առաջադրանքը բարդ չէ՝ մասնակիցներն ուշագրավ առաջարկներով հանդես եկան: ՀՀ ՔԾԽ նախագահը խոստացավ դրանք նկատի առնել քաղաքացիական ծառայության համալրման և ընտրության կառուցակարգերի բարեփոխումներում:
Հանդիպման վերջում պարոն Բադալյանը երիտասարդներին հանձնեց հավաստագրերը՝ մաղթելով անդադար ինքնազարգացում, կարիերային աճ և հաջողություններ անձնական և գործնական կյանքում:
Հիշեցնենք, որ թեստավորման այս փուլին մասնակցել էր 163 քաղաքացի, որոնցից 27-ին կամ մասնակիցների 16.5 տոկոսին էր հաջողվել ձեռք բերել կրտսեր պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հավաստագիր ստանալու իրավունքը: